Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, կարողանում է դառնալ մասը և անդամը մի հսկայական տարածքի, որն իր նպատակներն ունի և՛ անվտանգության ու կայուն զարգացման, և՛ երկխոսության մակարդակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին արտգործնախարարություն տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը: Նրա խոսքով` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընտրել է կարևորագույն թեմաներից մեկը` ապրել միասին, համերաշխության մեջ, և սա մի կարևորագույն պայման է բարգավաճման և խաղաղության համար: «Մենք շատ ուրախ ենք ու երջանիկ, որ Հայաստանը հյուրընկալում է այս գագաթաժողովը: Մեծ հաճույք է լինել Հայաստանում որպես ՖՄԿ գլխավոր քարտուղար»,-ասել է նա:
Ժանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում կարևոր որոշումներ կընդունվեն: Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաև այն թեկնածուների հարցը, որոնք կցանկանան միավորվել Ֆրանկոֆոնիային: