ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մտահոգիչ է համարում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը, փոխանցում է News.am-ը:
«Շատ մտահոգիչ է, անպատկերացնելու մի երևույթ է տեղի ունեցել, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել: Դա մեզ համար մի աննախադեպ իրավիճակ է ստեղծել, ինչ վերաբերում է մնացածին, պետք է անդրադառնալ այդ հարցին օրենսդրությամբ սահմանված կարգով և Սահմանադրությամբ: Այնպես որ բոլոր առաջարկները, որոնք հնչեցին թե երեկ հայտարարությունների ժամին, թե այս ընթացքում, այդ ամենը կանոնակարգված է Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով», - նշել է նա։
ԱԺ նախագահը հրաժարվել է մեկնաբանել այն երևույթը, երբ դատավորը զանգում է ԱԱԾ տնօրենին. «Եթե հարցը պետք է քննարկվի, պարզաբանվի, ապա թույլ տվեք, որ դա տեղի ունենա ոչ թե մեկ անձի կողմից, այլ համապատասխան օրենքների համաձայն»։
Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխների նկատմամբ ռեյդեր անելու, բոլորին պառկեցնելու հայտարարության մասին հարցին նա պատասխանել է. «Ես մի անգամ հանդես եմ եկել: Մենք մեր քայլերը պետք է իրականացնենք 4 ուղղությամբ՝ երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման, մեր բնակչության բարեկեցության բարելավման և ժողովրդավարության էլ ավելի ամրապնդման։ Այսինքն՝ որևէ նահանջ ինձ համար անընդունելի է»,- եզրափակել է Արա Բաբլոյանը։