ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար զարմանալի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Այս մասին Ռոբերտ Քոչարյանն ասել է Yerevan.Today-ին տված հարցազրույցում։
«Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով:
Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայաստանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այս հեղափոխության նպատակը: Ես մեծ կասկածներ ունեմ: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի վրա: Երբ Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար, որի իրավունքը սահմանադրությամբ ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք չունի, ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը: Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք հանրահավաքների ժամանակ չափից շատ են ոգևորվում, մինչև որոշակի բորբոքվածության աստիճան, և կարող են ասել տարբեր բաներ, բայց պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսինը լինի, որ իր լեզուն մտքից առաջ չվազի, քանի որ դրա հետևանքները պետության համար կարող են ողբերգական լինել, և արդեն ժողովրդավարության հարցը լսվելու է Եվրոխորհրդի ատյաններում, մոնիտորինգային խմբում»,– նշել է Քոչարյանը։