ՀՀ Սահմանադրության 108-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այս մասին ԱԺ հերթական նիստում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Բաբլոյանը հայտնեց, որ այդ նպատակով այսօր ԱԺ նիստի անմիջապես ավարտից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ էլ որոշում կկայացվի հանձնաժողովը ստեղծելու մասին։
Բաբլոյանը տեղեկացրեց նաև, որ ԱԺ Քննիչ հանձնաժողովն ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում՝ ԱԺ որոշմամբ։
ԱԺ արտահերթ նիստը կգումարվի այսօր կեսօրից հետո: