«Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության սցենարում հաշվարկված են նաև Արցախի Հանրապետության ղեկավարության և զինված ուժերի գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ, զորավարժության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, և պայմանական պատերազմական իրավիճակն ակնհայտորեն կապված է Ղարաբաղյան խնդրի հետ: Զորավարժության սցենարում Արցախի Հանրապետության ու զինված ուժերի գործողությունները նույնպես հաշվարկված են»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զորավարժությունների նպատակը խաղաղից պատերազմական իրավիճակի անցնելու պայմաններում պետական համակարգի աշխատանքը հղկելն է:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ զորավարժության սցենարով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը բաժանվել է երկու փուլի՝ մինչև պատերազմ հայտարարելը և պատերազմ հայտարարելուց հետո:
«Վարչապետը ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնել է երեկ երեկոյան: Երկու փուլերում էլ վարչապետը երկու ներմուծական է արել, որոնք կառավարման համակարգը դրել են սթրեսի մեջ՝ փոփոխելով մեր կողմից նախատեսված սցենարը»,- ասաց Տոնոյանը:
Հարցին, թե կարողացել են հաղթահարել այդ ներմուծականները, պաշտպանության նախարարը նշեց, որ իրենց գերատեսչությունը կարողացել է: Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ մյուսները՝ նույնպես:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զորավարժության արդյունքները կվերլուծվեն, կքննարկվեն և եզրակացություններ կլինեն: