Հայաստանի երրորդ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի հանդիպել, սակայն անկեղծանում է՝ այդպիսի մտադրություն ունեցել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հենց առաջին օրից։ Այդ մասին Աննա Հակոբյանն ասել է «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ։
Պատասխանելով հարցին` Ռիտա Սարգսյանի հետ հանդիպում եղե՞լ է, թե՞ չէ, Աննա Հակոբյանը պատասխանել է. «Ո՛չ, երբևէ հանդիպում չի եղել: Առաջին իսկ օրերից մտածել եմ, որ որպես կին կամ որպես նոր ղեկավարի տիկին՝ նախկին տիկնոջն այց անեմ, բարեկամական որևէ այց, սուրճի՝ քաղցրավենիքով, բայց չգիտես ինչու, ոչ մի կերպ չեմ կարողանում դրան գնալ, գործնականում անել, որովհետև չգիտեմ՝ արձագանքն ինչպիսին կլինի, և հետո իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ իրականում չգիտեմ՝ նա այդ առաջարկն ինչպես կընդունի, բայց դա իմ մտքով առաջին իսկ օրվանից անցել է»: