Սեպտեմբերի 13-ին, Իսրայելի ԱԳՆ-ում տեղի է ունեցել հանդիպում երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի ու Երուսաղեմի հոգևոր պետերի միջև։
Ինչպես հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը, հանդիպմանը քննարկվել են քրիստոնյա համայնքներին հուզող հարցեր, մասնավորապես Քնեսեթում եկեղեցապատկան կալվածների վերաբերյալ օրենքի նախագիծը և դրանցից հարկեր գանձելու Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումը։
Նախարարը Հոգևոր պետերին փոխանցել է, որ օրինագիծը հետ է կանչվել և այն քննարկման չի դրվել։ Հավանաբար կմշակվի նոր օրինագիծ, որը չի վտանգի եկեղեցապատկան կալվածքները։
Հարկեր գանձելու վերաբերյալ պարոն Հանեգբին հայտարարել է, որ ստեղծվում է երկխոսության ֆորում այս հարցի քննարկման համար:
Դրա շուրջ արդեն Իսրայելը բանակցում է Վատիկանի հետ և հավանաբար 2019թ. կստորագրվի համաձայնագիր և այդ համաձայնագրի նմանությամբ կստորագրվի նաև համաձայնագիր Սուրբ Երկրի քրիստոնյա մյուս համայնքների հետ:
Բաղդասարյանի փոխանցմամբ, պատրիարքության ներկայացուցիչները հանդիպմանը բարձրացրել են նաև Հայաստանից ժամանող ուխտավորների վիզայի չեղարկման հարցը, որին նախարարը դրական է արձագանքել։