Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնար է հայ-թուրքական սահմանի բացումը և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փոխանցում է РИА Новости-ն:
«Առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, փախստականների՝ հայրենի տներ վերադարձի չի կարող խոսք լինել անգամ սահմանի բացման և որևէ հարաբերության հաստատման մասին», - ասել է էրդողանը՝ Բաքվում զորահանդեսի ժամանակ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 2008 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009 թվականին կողմերի միջև ստորագրվել է հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: 2018 թվականի մարտին Սերժ Սարգսյանը չեղարկել է այդ արձանագրությունները: Նրա խոսքերով՝ Անկարան ոչինչ չի արել այդ փաստաթղթերի վավերացման ուղղությամբ: