Որևէ երկրի նախագահի, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկատվություն է շրջանառվում, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է News.am-ը:
«Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցում էր, հետո հետ եկավ, բարևեց ու գնաց: Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Մենք որևէ թաքուն բան չենք պատրաստվում անել, եթե որևէ խոսակցություն տեղի ունենա, դրա մասին մեր հանրությունը կիմանա մեզնից»,- ասել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի սահմանը հատած 16-ամյա քաղաքացուն արտահանձնելուն, Փաշինյանը հորդորել է հարցերն ուղղել ոստիկանությանը:
Ավելի վաղ թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրել էր, որ Էրդողանը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել Թուրքիային վերադարձնել Կարսի Քյուչուքդուրան գյուղի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենին։ ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր վարչապետին զանգելու մասին լուրը: