Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտի մարզադաշտում մասնակցել է Եվրոպայի ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությանը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն այդ իրադարձությունը կարևոր է համարել Արցախի մարզական կյանքում:
«Այս մրցումները խորհրդանշական են, քանի որ կրում են մեծ սպորտի լեգենդար մարզիկների անունները: Նրանց փայլուն հաղթանակները տարբեր միջազգային հարթակներում, սահմանված ռեկորդները շոշափելի ազդեցություն են ունեցել թեթև աթլետիկայի զարգացման վրա՝ մեծ համբավ և պատիվ բերելով հայրենիքին, ոգևորելով երիտասարդներին, շահագրգռելով նրանց զբաղվել սպորտով ու ֆիզիկական կուլտուրայով»:
Երկրի ղեկավարը ջերմորեն ողջունել է Իգոր Տեր-Հովհաննիսյանին ու Ռոբերտ Էմմիյանին և երախտագիտություն հայտնել պատմական հայրենիքի այս հատվածի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի և աջակցության համար:
Նախագահ Սահակյանը մրցաշարի մասնակիցներին մաղթել է մեծ հաջողություններ, ձեռքբերումներ, ամենայն բարիք ու նոր հաղթանակներ: