Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հանդես է եկել Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու նպատակահարմարության հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու օգտին, փոխանցում է Euronews-ը: Նա քննադատել է վարչապետ Թերեզա Մեյի կաբինետին Բրյուսելի հետ Brexit-ի հարցով, իր կարծիքով, ձախողված բանակցությունների համար: Խանի կարծիքով բրիտանացիները պետք է ասեն վերջին խոսքը:
«Ցավոք սրտի, այժմ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ կառավարությունը վարում է բանակցություններ, որոնք հանգեցնելու են հնարավոր 2 ելքերից մեկին. կամ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կունենա վատ գործարք (ինչը կնշանակի, որ Եվրամիությունը լքելիս մենք չենք իմանա` ապագայում ինչ հարաբերություններ են սպասում մեզ ԵՄ հետ), կամ չի լինելու որևէ գործարք: Այս 2 տարբերակներն էլ վնաս են հասցնելու թե Լոնդոնին, թե երկրին ընդհանրապես: Այնպես որ դիմում եմ կառավարությանը` այժմ բրիտանացիները պետք է արտահայտվեն և այդ բանակցությունների արդյունքների վերաբերյալ, և ԵՄ կազմում մնալու հնարավորությունների վերաբերյալ», - նշել է քաղաքապետը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվեն դավաճանություն կլինի ժողովրդավարության հանդեպ:
Անցյալ ուրբաթ Դուվր քաղաքում անցկացվել է բողոքի ակցիա, որի մասնակիցները իշխանություններից պահանջում էին ներկայացնել անաչառ և սպառիչ տեղեկատվություն Brexit-ի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան կլքի Եվրոպական Միությունը 2019 թվականի մարտին: Brexit-ի պայմանների վերաբերյալ բանակցությունները Լոնդոնի և Բրյուսելի միջև պետք է ավարտվեն այս տարվա հոկտմբերի վերջին: