Ռուսաստանի կողմից կիբեռհարձակումների դեպքում ՆԱՏՕ-ն կարող է կիրառել իր Կանոնադրության 5-րդ հոդվածի դրույթները: Այս մասին Axios պորտալին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է DW-ն:
Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի համատեղ պատասխանի մասին որոշումը չի ընդունվի ավտոմատ: «Ավտոմատ կերպով չի ընդունվի: Դա կախված է կիբեռհարձակման բնույթից»,- պարզաբանել է նա: Ընդ որում՝ Ստոլտենբերգը հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես ինչպիսի պայմաններում է հնարավոր 5-րդ հոդվածի գործարկումը: «Կարծում եմ, որ մենք այդ առավելությունը չպետք է տանք ոչ մի պոտենցիալ հակառակորդի»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածում նշված է, որ դաշինքի մեկ կամ մի քանի երկրների վրա հարձակումը, ընդ որում՝ ոչ միայն զինված, այլեւ կիբեռհարձակման միջոցով, կդիտարկվի որպես «իրենց բոլորի վրա հարձակում»: Նման հարձակման դեպքում դաշինքի երկրներից յուրաքանչյուրը կարող է օգնություն ցույց տալ այնպիսի անհատական կամ համատեղ գործողության անհապաղ իրականացման ճանապարհով, որն անհրաժեշտ կհամարի, ներառյալ զինված ուժի կիրառումը: