Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոպտորեն խախտել է 2009-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի արտգործնախարարների միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների ստորագրած ցյուրիխյան արձանագրությունները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը։
Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 15-ին Բաքվի ազատագրման 100-ամյակին նվիրված շքերթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել «գրավյալ» տարածքներից:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով` նույն միջոցառման ժամանակ թուրքական երկու պետությունների ղեկավարներն իրենց ելույթներում հաստատեցին պանթուրքիզմի գաղափարը:
«Էրդողանն ավելի հեռուն գնաց և հայտարարեց, որ չի բացելու Հայաստանի հետ սահմանը և շարունակելու է շրջափակման մեջ պահել մեր երկիրը` հայ-թուրքական հարաբերութուններն ուղղակիորեն կապելով արցախյան հարցի հետ, ինչն անթույլատրելի և դատապարտելի է, որովհետև կա Մինսկի խմբի ձևաչափ, և համանախագահները բազմիցս նշել են, որ Թուրքիան անելիք չունի այդ հարցում»,- ասել է Շարմազանովը Սպուտնիկ Արմենիայի հետ հարցազրույցում:
Եվ, այդուհանդերձ, խորհրդարանի փոխնախագահին անհանգստացնում են ոչ այնքան հարևանների հայտարարությունները, որքան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
«Մինչ Բաքուն և Անկարան հերթական անգամ հայտարարում են իրենց միասնականության ու պանթուրքիզմի մասին, Հայաստանի նոր իշխանությունները միասնություն ու համերաշխություն քարոզելու փոխարեն ազգը բաժանում են սևերի և սպիտակների, նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների և հակահանրապետականների, հեղափոխականների ու հակահեղափոխականների»,- ասել է նա` հավելելով, որ այսօր, ինչպես 100 տարի առաջ, Հայաստանը կանգնած է ընտրության առաջ` կգնա ճիշտ ճանապարհով, կկերտի նոր Սարդարապատի հաղթանակներ, կգնա սխալ ճանապարհով, ազգը կբաժանի երկու մասի, կունենա Ղարսի անկումը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի զարգացումներին, Էդուարդ Շարմազանովը դա ևս դիտարկեց թուրք-ադրբեջանական քաղաքականության ենթատեքստում։ «Սա ահազանգ է բոլորիս համար՝ մեր երկրի անվտանգությունը նուրբ լարից է կախված, Հայաստանի և Արցախի ճակատագիրն այսօր վտանգված է, ու այդ մասին բացահայտ խոսում են Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները»,- ասել է նա։