Սեպտեմբերի 16-ին, Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել միաբանության 300-ամյակի տոնախմբություններին նվիրված սուրբ պատարագ, որին իր շնորհավորական ուղերձն է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, փոխանցում է «Vatican News»-ը:
Նորին Սրբությունը սրտանց շնորհավորելով միաբանության 300-ամյակը, գոհություն է մատուցել Տիրոջը` բոլոր այն պարգևների համար, որոնք զեղել է միաբանության և նրա անդամների վրա:
«Երանելի Մխիթարը, որին Պիոս 12-րդ պապը դասեց Արևելյան եկեղեցիների կրոնական կյանքի մեծ բարեկարգողների շարքը, եղավ հայ ազգի հավատքի ըմբռնման կառուցողն՝ իր ետևից թողնելով հոգևոր ու մշակութային անվերջանալի ժառանգություն, որը տրվեց Մխիթարյան միաբանությանը պահպանելու, խորացնելու ու տարածելու՝ ի նպաստ համայն հայ ժողովրդի բարօրության»,-իր ուղերձում ասել է Սրբազան Պապը` մաղթելով, որ «միաբանության հիմնադիր Մխիթար աբբահոր ջահը շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը Քրիստոսի հավատքով և այն հույսով, որ նրա խոսքը մշտական կյանք է պարգևում»:
Հռոմի պապը խնդրել է նաև իրեն հիշել աղոթքներում: