Սոչիում սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել սիրիական Իդլիբում ռազմական գործողություն չիրականացնելու շուրջ:
Կողմերը մասնավորապես պայմանավորվել են մինչև հոկտեմբերի 15-ը Իդլիբում կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև շփման գծում 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտի ստեղծել: Վերջինս գտնվելու է թուրքական ստորաբաժանումների պարեկային խմբերի և ռուսական ռազմական ոստիկանության հսկողության տակ: Այսպիսով, կողմերը փորձել են բացառել մի կողմից նահանգը վերահսկող զինված ընդդիմության, ահաբեկչական խմբավորումների, մյուս կողմից` սիրիական կառավարական զորքերի միջև ուղիղ շփումները:
Էրդողանի խոսքերով` Իդլիբի շուրջ ռուս-թուրքական այս համաձայնությունը կոչված է կանխելու մարդասիրական աղետը տարածաշրջանում: Անշուշտ, Իդլիբում լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցնելու էին փախստականների մեծ հոսքի դեպի հարևան Թուրքիա, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների, ենթակառուցվածի փլուզման, սակայն պետք է նկատել, որ պայմանավորվածությունը Թուրքիայի համար նախևառաջ կարևոր է այն պատճառով, որ հնարավորություն է տալիս Անկարային պահպանել իր ազդեցությունն Իդլիբում: Այս նահանգը համարվում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների և, այսպես կոչված, զինված ընդդիմության վերջին հենակետը և վերջինիս նկատմամբ Դամասկոսի վերահսկողության հաստատումը կարևոր նշանակություն ունի այդ երկրում վերջնական խաղաղության հաստատման համար. Իդլիբում, տարբեր տվյալներով, կենտրոնացած է ավելի քան 20 հազար զինյալ, որոնց մեծ մասի գործունեությունը Սիրիայում աջակցում է Թուրքիան: Այսպիսով, Սոչիի պայմանավորվածությունով Թուրքիան հնարավորություն է ստացել պահպանելու իր ազդեցությունն Իդլիբում դրա դիմաց` պարտավորվելով, որ այդ շրջանում պետք է պայքար մղի ահաբեկչական խմբավորումների, ինչպես օրինակ «Ջաբհաթ ան-Նուսրայի» դեմ:
Այս համաձայնությամբ, փաստորեն, Ռուսաստանը և Թուրքիան հաղթահարեցին Սիրիայում իրենց տարաձայնությունները: Ընդ որում, դրանով Ռուսաստանն Իդլիբում զինյալների դեմ ռազմական գործողություններն ոչ թե չեղարկել է, այլ անժամկետ հետաձգել. եթե Իդլիբից զինյալները շարունակեն հարձակումներ իրականացնել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ կամ Թուրքիան ահաբեկիչների և ընդդիմության տարանջատում չանի և չզինաթափի վերջիններիս, Ռուսաստանը հիմքեր կստանա Իդլիբում գործողություն իրականացնելու համար:
Նշենք, որ ռուս-թուրքական այս համաձայնությունը ձեռնտու է նաև Արևմուտքին` մասնավորապես ԱՄՆ-ին: Վերջինս ևս կտրականապես դեմ էր հանդես գալիս Իդլիբում Սիրիայի կառավարական զորքերի և Ռուսաստանի համատեղ գործողությանը, քանի որ նահանգում գտնվում են նաև իր կողմից հովանավորվող ուժեր, որոնք Սիրիայում իր ազդեցության գործոններն են: Իդլիբի անկումը կնշանակեր, որ ԱՄՆ-ը դուրս է մնում սիրիական հակամարտության կարգավորման գործընթացից, իսկ այսպես ԱՄՆ-ը ևս հնարավորություն է ստանում:
Ամփոփելով նշենք, որ Սոչի պայմանավորվածությունը թեկուզև ժամանակավորապես, սակայն կանխել է Սիրիայում լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը և նոր հումանիտար ճգնաժամը` հնարավորություն տալով Թուրքիային, ինչպես նաև Արևմուտքին ահաբեկիչների և զինված ընդդիմության ակտիվությունը բացառելու դեպքում պահպանել իրենց ազդեցությունն Իդլիբում: Միևնույն ժամանակ Սոչիի պայմանավորվածությունը Ռուսաստանին հնարավորություն է տվել միջազգային հանրությանը սիրիական հակամարտության կարգավորման իր ջանքերում ներկայանալ Բաշար Ասադի վարչակարգի դեմ հանդես եկող Թուրքիայի իշխանությունների հետ համագործակցությամբ: