«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.today կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17-ին իրականացված խուզարկությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը, փոխանցում է Sputnik-Արմենիան:
«Yerevan.today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», — նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել Yerevan.today կայքի խմբագրությունում։ Խուզարկությունից օրեր առաջ Yerevan.today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը հայտարարություն էր տարածել, որում անդրադարձել էր համացանցում տարածված այն տեղեկությանը, թե կայքն առաջինն է հրապարակել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը` նախօրոք իմանալով դրա մասին:
Նա հայտարարել էր, որ փորձագետներն արդեն հերքել են այդ լուրերը` նշելով, որ հրապարակման օրը սխալ է արձանագրվում Google համակարգում առկա խնդրի հետևանքով։