Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ից 11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երրորդ գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 109 մլն 296 հազ. դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում: Նախագծով պահանջվող գումարն անհրաժեշտ է ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումներն իրականացնելու նպատակով:
Ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության 2018 թվականի ծրագրում, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։ Այդ դերը հիմնականում արտահայտվում է Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային կազմակերպություններում ցեղասպանության հանցագործության դեմ պայքարին նվիրված բանաձևերի պարբերական ընդունմամբ և Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումների անցկացմամբ։