Փհենյանում ավարտվել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների երկրորդ փուլը, որի ժամանակ երկու երկրների ղեկավարների միջև մի շարք պատմական պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
The Guardian-ի փոխանցմամբ` ստորագրված համաձայնագրով երկու երկրները պարտավորվել են Կորեական թերակղզում ռազմական լարվածութան թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել: «Հարավը և Հյուսիսը պայմանավորվեցին սահմանի ապառազմականացված գոտին վերածել խաղաղության ու բարգավաճման գոտու»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: Նշվում է, որ նախ երկու երկրները դուրս կբերեն զորքերը ապառազմականացված գոտուց և կզինաթափեն Փհանմունջի սահմանային կետի աշխատակազմին, ինչպես նաև կդադարեցնեն ռազմական թռիչքներն ու լայնածավալ հրետակոծությունները սահմանամերձ շրջաններում: Նշվում է, որ լարվածության թուլացման միջոցառումների թվում է նաև համատեղ կոմիտեի ստեղծումը, որը բաղկացած կլինի երկու երկրների զինվորական հրամանատարության ներկայացուցիչներից: Բացի այդ Հյուսիսը և Հարավը մինչև ընթացիկ տարվա վերջ կապամոնտաժեն 11-ական սահմանային պահակակետեր:
Հատկանշականն այն է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը պարտավորվել է միջազգային փորձագետների ներկայությամբ փակել Թոնչանգրի հրթիռային փորձարկման և գործարկման կայանը և նաև վերացնել Յոնբյոն միջուկային կայանը, եթե ԱՄՆ-ն փոխադարձ միջոցներ ձեռնարկի:
Նախատեսվում է նաև պատրաստել մշտական վայր՝ պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների տեսակցությունների համար: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` 1980-ականների կեսերից երկու երկրներն ավելի քան տասնյակ նման հանդիպումներ են անցկացրել, որին ավելի քան 20 հազար կորեացիներ են մասնակցել:
Բացի ռազմական համաձայնագրից` կողմերը պայմանավորվածությունների են հասել նաև երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, մինչև 2018 թվականի վերջը կողմերը պայմանավորվել են սկսել արևմուտքում և արևելքում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների միավորման աշխատանքները: Ավելին, ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ղեկավարները պայմանավորվել են միասնական կորեական թիմ ձևավորել Օլիմպիական խաղերին մասնակցելու համար և համագործակցել 2032 թվականի Օլիմպիական խաղերի համատեղ անցկացման գործում:
Նշենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները խոսում են Կորեական թերակղզում պատերազմի ավարտի մասին: «Մենք ռազմական համաձայնագիր ենք ստորագրել, որը վերջ կդնի դաժան և ողբերգական հակամարտությանը», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավարը: «Պատերազմներից զերծ ժամանակաշրջանը սկսվել է»,- բանակցությունների ավարտին իր հերթին հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեին:
Սակայն հարկ է նշել, որ թերակղզում վերջնական խաղաղության հասնելու համար վճռորոշ է նաև ԱՄՆ-ի դիրքորոշումը: Հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ պատրաստ է վերացնել Յոնբյոն միջուկային կայանը, եթե ԱՄՆ-ն փոխադարձ միջոցներ ձեռնարկի, կարելի է ասել, որ այժմ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է գտնվում: Սակայն դժվար է ասել` արդյո՞ք ԱՄՆ-ն զիջումների կգնա, թե՞ ոչ:
Չնայած նրան, որ Դոնալդ Թրամփը ողջունել է երկու երկրների ղեկավարների` Փհենյանում կայացած միջկորեական գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները` այն «շատ տպավորիչ անվանելով», որոշ ամերիկացի օրենսդիրներ թերահավատորեն են վերաբերվում Հյուսիսային Կորեայի պատրաստակամությանը` միջուկային զենքի ծրագիրը չեղարկելու հարցում, կոչ անելով վարչակազմին դեռևս շարունակել ճնշում գործադրել Փհենյանի վրա…