ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մարտի 1-ի» գործով վճիռ՝ ՀՀ-ին պարտավորեցնելով դիմումատուին վճարել 20 600 եվրո

14:53     20 սեպտեմբերի, 2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 15 600 եվրո վճարել հայցվորին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 5000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով ՄԻԵԴ-ի կայքի վրա:

Հայցվորը պնդել է, որ նա 2008 թվականի մարտի 1-ին բռնության է ենթարկվել ձերբակալության ժամանակ, իսկ ոստիկանական բաժին հասնելուց հետո իշխանությունները չեն իրականացրել բռնության մասին իր պնդումների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն: Նա նաև պնդել է, որ իր ձերբակալությունը եղել է անօրինական և կամայական, որ նրա ձերբակալությունը և հետագա կալանքը հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի կամ համապատասխան և բավարար պատճառների վրա: 

Հայցվորը պնդել է նաև, որ իր դատավարությունը արդար չի եղել, քանի որ իր դեմ ողջ քրեական գործը հիմնված է եղել միայն ոստիկանական վկայությունների վրա, բացի այդ խախտված է եղել կողմերի հավասարության սկզբունքը և վկա կանչելու իր իրավունքը, և որ ցուցարարներին ցրելը և այնուհետև նրանց հետապնդումը և դատապարտումը խախտել են ազատ արտահայտման և խաղաղ հավաքների նրա իրավունքը:

Գործին անդրադարձել է Մարտի 1-ին տուժած անձանց իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը: «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ 

Ինչպես նշել է Վահե Գրիգորյանը, դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել դատարանին: Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են, հավելել է նա: 

«Այս վճռով քաղաքական զգայունության և կարևորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։ Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլևս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլևս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաև միջազգային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։ Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»,- գրել է Վահե Գրիգորյանը:


© armedia.am