Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ հանձնաժողովը հայ-թուրքական արձանագրություններն օրակարգ չի բերելու:
Թուրքական ԶԼՄ-ների հարցերին պատասխանելիս Բոզքըրը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ասել է. «Քանի դեռ մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ես եմ, հայ-թուրքական արձանագրությունները հանձնաժողովի օրակարգում չեն ու չեն էլ լինելու»:
Բոզքըրն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին, նշելով, որ այն եղել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումների օրակարգում: Ընդգծելով, որ Ղարաբաղյան խնդիրը Թուրքիայի համար առաջնային հարց է, նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը, որ «քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու»:
Այս թեմայով «Ermenihaber.am»-ի հետ զրույցում թուրքագետ Անահիտ Վեզիրյանը նշել է, որ թուրք գործչի հայատարարությունը չնայած ժամանակավրեպ է և որևէ կարևորություն իրենից չի ներկայացնում, բայց իր մեջ պարունակում է այն ուղերձը, որ Թուրքիան մեկ անգամ ևս շեշտում է, որ դեռ ցանկություն չունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու: