Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում 3D-հոլովակ է հրապարակել, որում պատկերված է, թե ինչպես է խոցվել Իլ-20 հետախույզ ինքնաթիռը, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Տեսանյութում ցուցադրված է օդանավի երթուղին և նրա գտնվելու մոտավոր վայրը սիրիական ՀՕՊ համակարգի զենիթային հրթիռի խոցման պահին: Հոլովակում սխեմայով արտացոլված է նաև գնդակոծման պահին իսրայելական F-16 կործանիչների դիրքը: 3D-մոդելի համաձայն՝ դրանք ռուսական օդանավը որպես քողարկում են օգտագործել:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Իսրայելի ՌՕՈՒ ներկայացուցիչները ռուսական կողմին մոլորության մեջ են գցել, իսկ իսրայելցի օդաչուների գործողությունները գնահատել էր որպես ոչ պրոֆեսիոնալ և անփույթ: Գեներալի խոսքով՝ Մոսկվան տեղի ունեցածի ամբողջ մեղքը դնում է Իսրայելի վրա: