Երբ խորհրդարան կգա Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագիծ, որը ենթադրելու է խորհրդարանի լուծարման նոր մեխանիզմներ, ԲՀԿ-ն կքննարկի և մենք մեր որոշումը կկայացնենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, փոխանցում է News.am-ը:
«Եթե անգամ մենք կողմ լինենք ԱԺ-ն լուծարելուն և արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալուն, դա լինելու է բացառապես մեր որոշումը: Դա չի լինելու որևէ մեկի ճնշմամբ ու դիկտատով:
Չի կարելի քաղաքական ուժերին սպառնալ ժողովրդով, որովհետև ինչպես ՔՊ-ի թիկունքին կան կանգնած հազարավոր մարդիկ, վստահեցնում եմ ձեզ՝ ԲՀԿ-ի, «Լույս»-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի, բոլոր ուժերի հետևում էլ կանգնած են իրենց համակիրները: Ես անբարո եմ համարում, որ մենք ասենք՝ դե որ տենց է, մենք էլ մեր համակիրներին կհանենք հրապարակ և տեսեք, թե ում համակիրներն են ավելի շատ: Չի կարելի, մենք պետք է հասարակությանը ոչ թե պառակտենք, այլ միավորենք»,- հայտարարել է նա: