ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին պնդում է, որ Թեհրանի դեմ Վաշինգթոնի սահմանած պատժամիջոցները աշխատում են և արդյունքում կհանգեցնեն հեղափոխության, որի արդյունքը կդառնա Իրանի ներկայիս իշխանությունների տապալումը: Այս մասին նա հայտարարել է Իրանա-ամերիկյան միությունների կազմակերպության համաժողովի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Reuters գործակալությանը:
«Ես չգիտեմ, թե մենք նրանց երբ կտապալենք»,- ասել է Ջուլիանին՝ խոսելով Իրանի իշխանությունների մասին: «Դա կարող է տեղի ունենալ մի քանի օրվա, ամիսների կամ տարիների ընթացքում,- նշել է նա: - Բայց դա տեղի է ունենալու»:
«Իրանի ժողովուրդը, ակնհայտորեն, չափից ավելի համբերեց»,- ասել է ԱՄՆ նախագահի փաստաբանը: Նրա խոսքով՝ Վաշինգթոնի սահմանած ամերիկյան պատժամիջոցները աշխատում են, ինչը բացասաբար է անդրադառնում Իրանում տնտեսական վիճակի վրա: «Նման պայմանները հաջողված հեղափոխության են հանգեցնում»,- հավելել է նա:
Reuters- ի փոխանցմամբ` Ջուլիանիի մասնակցությունը միջոցառմանը եղել է մասնավոր, սակայն, ինչպես հիշեցնում է գործակալությունը, նա հանդիսանում է ԱՄՆ նախագահի ամենամոտ դաշնակիցներից մեկը: Նախագահի փաստաբանի խոսքերը հակասում են ԱՄՆ վարչակազմի պաշտոնական դիրքորոշմանը, որը նախկինում հայտարարել էր, որ չնայած կոշտ պատժամիջոցների կիրառմանը, Վաշինգտոնը չի ձգտում տապալել Իրանի իշխանություններին: