Մոլդովայի Սահմանադրական դատարանը, երկրի դեմոկրատական կուսակցության պատգամավորների հայցի համաձայն, ժամանակավորապես կասեցրել է նախագահ Իգոր Դոդոնի լիազորությունները:
Դատարանի որոշումը հնարավորություն է տալիս խորհրդարանի խոսնակին, որպես նախագահի պաշտոնակատարի, ստորագրելու առողջապահության, սոցիալական պաշտպանության և ընտանիքի, գյուղատնտեսության, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի նախարարների նշանակման մասին հրամանագրերը:
Դոդոնը երկրորդ անգամ էր հրաժարվել այդ պաշտոններում վարչապետի առաջարկած թեկնածուներին նշանակելու մասին հրամանագրեր ստորագրելուց:
Նշենք, որ oրենսդրության համաձայն, նախագահն իրավունք ունի մերժել վարչապետի առաջարկած թեկնածությունները, բայց միայն մեկ անգամ: Նույն թեկնածուների կրկնական առաջադրումից հետո նրանց նշանակման մասին հրամանագիրը չստորագրելու դեպքում նախագահի լիազորություններն անցնում են խորհրդարանի խոսնակին, ով կարող է նախագահի փոխարեն ստորագրել հրամանագիրը: