Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հանդես է եկել Թուրքիայի հետ Եվրամիության ռազմավարական համագործակցության օգտին՝ միևնույն ժամանակ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ի ներկա պահին անվանելով «անիրատեսական», փոխանցում է РИА Новости-ն:
«Այն, ինչն անհրաժեշտ է, ռազմավարական համագործակցությունն է», - ասել Է Միշելը` Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպման արդյունքներով: Վարչապետի խոսքով՝ բանակցությունները «շատ ավելի բաց են եղել, քան ես ակնկալում էի», և «անհրաժեշտ է ավելի ակտիվորեն քննարկել մի շարք հարցեր և ավելի լավ համագործակցել»:
Միշելը և Էրդողանը ավելի քան մեկ ժամ քննարկել են Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում, ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիայի խնդիրը, ԵՄ-ի հետ հարաբերությունները և իրավունքի գերակայության ու մամուլի ազատության հետ կապված իրադրությունն այդ երկրում:
«Թուրքիայի հետ անհրաժեշտ է բաց և անկեղծ քննարկումներ իրականացնել` չլինելով չափազանց դիվանագետ», - եզրափակել է Բելգիայի վարչապետը: