Եվրամիությունը պատրաստվում է ստեղծել մի մեխանիզմ, որը թույլ կտա օրինական ֆինանսական գործարքներ կատարել Իրանի հետ: Սա թույլ կտա եվրոպական ընկերություններին շարունակել առևտուրն Իրանի հետ ԵՄ օրենսդրության շրջանակներում: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Twitter-ի միկրոբոլոգից, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին երեկ Իրանի միջուկային գործարքի կողմերի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան և Իրան) ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
“Եվրոպական Միությունը կստեղծի մի իրավաբանական անձ, որը թույլ կտա իրականացնել օրինական ֆինանսական գործարքներ Իրանի հետ: Սա թույլ կտա եվրոպական ընկերություններին շարունակել առևտուրն Իրանի հետ ԵՄ օրենսդրության շրջանակներում և որը կարող է բաց լինել նաև աշխարհում այլ գործընկերների համար”, - նշել է Ֆեդերիկա Մոգերինին:
Վերոնշյալ հանդիպումից հետո արված հայտարարությունում, մասնավորպես, նշվում է, որ “Համատեղ համապարփակ գործողությունների պլանի մասնակիցները (խմբ. Իրանի միջուկային գործարք) նշում են, որ Իրանը շարունակում է ողջ ծավալով իրականացնել իր` միջուկային ոլորտին վերաբերող պարտականությունները”: Այս երկրների ներկայացուցիչներն ընդգծել են նաև անհրաժեշտությունը, որ Իրանը պետք է շարունակի դրանք կատարել:
Երեկ Նյու Յորքում կայացած հանդիպումն արդեն երկրորդ նախարարական հանդիպումն է Իրանի հարցով ԱՄՆ-ի` Իրանի միջուկային գործարքից դուրս գալուց հետո: Առաջինը կայացել է այս տարվա հունիսին: Ի տարբերություն նախորդի, այս անգամ բանակցությունների ավարտից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Մոգերինիի հետ միասին ներկա է եղել նաև Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը: Նա ևս կարդացել է ամփոփիչ հայտարարությունը, սակայն պարսկերենով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ Մոգերինին ու Զարիֆը հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերիին: