Սեպտեմբերի 25-ին Երևանում կկայանա Եվրոպական Միություն - Հայաստանի Հանրապետություն գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը:
ԵՄ-ՀՀ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի համանախագահներն են հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, Եվրամիության կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը: Նիստին կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Համանախագահները կներկայացնեն առևտրի և ներդրումների ոլորտում վերջին ժամանակաշրջանի միտումները:
Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն հարցեր, որոնք ներառված են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) առևտրի և առևտրին առնչվող հարցերի վերնագրի ներքո: Մասնավորապես` ապրանքների և ծառայությունների առևտուր, մաքսային ոլորտ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, մտավոր սեփականության իրավունքներ, մրցակցություն և պետական գնումներ: Կողմերը կքննարկեն ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխների իրականացման միջոցառումները (ճանապարհային քարտեզներ): Օրակարգում ներառված են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի դիտանցմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: