Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Նա ազատ է արձակվել կալանքից: Այս մասին հայտնում է NEWS.am-ը` հղում կատարելով ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:
Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Ումութ Ալի Օզմենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ Ումութ Ալի Օզմենը հայ թուրքական սահմանը հատել էր հուլիսի 24-ին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական սահմանն ապօրինի հատելը։
Նշենք, որ Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երևան՝ որդուն տանելու: