Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ինքնանպատակ չպետք է լինի, այլ ունենա բովանդակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի կողմից երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապայման չի դրվում: Տիգրան Բալայանն ընդգծել է, որ ՀՀ վարչապետը տարբեր առիթներով բարձրաձայնել է, որ պատրաստ է հանդիպել և Ադրբեջանի նախագահի հետ բանակցել Հայաստանի անունից:
«Սակայն այդ հանդիպումը պետք է լինի բովանդակային, ունենա բովանդակություն: Եվ մենք ակնկալում ենք, որ այդ հանդիպումը կբերի արդյունքների նաև նախորդ պայմանավորվածությունների կատարման մասով: Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք տասնամյակների դառը փորձ ունենք, թե ինչպես էինք պայմանավորվում, հետո Ադրբեջանը հետ էր կանգնում: Հիմա, այո, Փաշինյանը շեշտել է, որ պետք է կատարվեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Խոսքը վերաբերվում է ապրիլյան ագրեսիայից հետո կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է Բալայանը: