Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 26-ին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։
Շուրջ մեկուկես ամիս առաջ նշանակված փորձաքննության եզրակացությունը պաշտպանական կողմը ստացել է երեկ։ Եզրակացությանը ծանոթացել է նաև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Մանվել Գրիգորյանը։
Փաստաբանը հայտնել է, որ փորձաքննությամբ հաստատվել է, որ Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում ծանր աստիճանի շաքարային դիաբետով և կյանքին վտանգ սպառնացող մեկ այլ՝ լուրջ հիվանդությամբ։
Մկրտչյանի կարծիքով՝ ներկայացված հիվանդություններն անհամատեղելի են իր պաշտպանյալի կալանքի հետ։
Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ փորձաքննության եզրակացությունը նույնպես ներկայացնելու են վերաքննիչ դատարան։