Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հոկտեմբերի 27-29-ը Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում տեղի թուրքերի հետ նախատեսված դահլիճային հանդիպումները չեղարկվել են:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ են ծրագրված եղել 3 քաղաքներում: Գերմանական իշխանությունների՝ թույլտվություն չտրամադրելու պատճառով Էրդողանի ներկայացուցիչների՝ Բեռլինի «Tempodrom», Դորտմունդի «Wetfalen» դահլիճները վարձակալելու դիմումները մերժվել են: Չեղարկվել է նույնիսկ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Եվրոպայի ներկայացուցչության միջոցով Քյոլնում արված դահլիճի ամրագրումը:
Նշվում է, որ Էրդողանին մնում է բավարարվել միայն «Adlon» հյուրանոցում գործարարների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումով:
Բացի այդ, ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին: