ՀՀԿ-ում երեկ հրավիրված գործադիր մարմնի նիստը չի հրավիրվել հատուկ հնարավոր արտահերթ ընտրությունները քննարկելու համար, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«ԳՄ նիստը հրավիրվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերը քննարկելու համար ու հատուկ արտահերթ ընտրությունների վերաբերյալ չի հրավիրվել նիստը», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության։
«Բացառապես երկխոսության միջոցով ենք գտնում Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորումը», - ասել է ՀՀԿ խոսնակը։
Նա շեշտել է, որ պատրաստ են երկխոսության, բայց՝ ոչ առճակատման։
«Բայց երկխոսության պատրաստ լինել չի նշանակում ընդունել հակառակ կողմի առաջարկը», - ընդգծել է ԱԺ փոխնախագահը։
Նա ասել է, որ ՀՀԿ-ն դեմ է հրատապ զարգացումներին, հրատապ ընտրություններին։
«Ես դեմ եմ ինքնալուծարմանը, որովհետև մի մարդու իշխանությունը պահելու համար չի կարելի լուծարել Ազգային ժողովը», - ասել է Շարմազանովը։
Նա ասել է, թե մնացած հարցերով վարչապետը թող գա, առաջարկություն անի, խորհրդարանական ուժերով կքննարկեն։
«ՀՀԿ-ն երբեք որևէ քննարկումից չի փախել, ՀՀԿ-ն այս երկրում երկխոսության ավանդույթի ջատագովներից մեկն է եղել, մենք բոլոր հարցերում երկխոսության կողմնակից ենք, բայց ոչ երբեք նախապայմանների, ոչ երբեք ուլտիմատումների», - ասել է Էդուարդ Շարմազանովը։
Նա շեշտել է, որ ԱԺ հրտատապ ընտրությունների անհրաժեշտություն չկա։
«Բոլոր այն հեքիաթները, թե Ազգային ժողովն է խոչընդոտում, որ տնտեսական ներդրումներ լինեն, տնտեսական քաղաքականություն լինի, դա ոչ այլ ինչ է, քան հեքիաթ։ Առ այսօր նոր իշխանությունը ո՛չ տնտեսական քաղաքական ծրագիր է բերել, ո՛չ Ղարաբաղյան հարցով է փորձել ծրագիր բերել, բա ի՞նչ ծրագիր է եղել, որ Ազգային ժողովը մերժել է», - ասել է Ազգային ժողովի փոխնախագահը։