Սեպտեմբեր ամիսը բավական հագեցած եղավ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հանդիպումներով։ Ամսվա սկզբին՝ սեպտեմբերի 1-ին, կայացավ Ալիևի այցը Սոչի, որի ընթացքում ինտենսիվ բանակցությունների արդյունքում կնքվեց 16 երկկողմ համաձայնագիր՝ առնվող համագործակցության տարբեր ոլորտներին, սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Բաքվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ դրա հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, նախագահները միասին Դուշանբեում մասնակցեցին ԱՊՀ երկրների առաջնորդների հանիպմանը։
Սեպտեմբերի 27-ի աշխատանքային այցի ընթացքում ՌԴ նախագահը մասնակցել է Բաքվում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությանը, ելույթ է ունեցել Ռուս-ադրբեջանական միջհամայնքային 9-րդ ֆորումի ընթացքում և առանձին հանդիպում անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկու նախագահներն իրենց ելույթներում բազմիցս ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, շեշտել գրեթե բոլոր ուղղությունները, որոնցով ակտիվ համագործակցություն է կառուցվում։ Ընդհանուր առմամբ, երկու նախագահների խոսքերից երևում է, որ հանդիպումն անցել է շատ ջերմ մթնլորտում, և կողմերը տրամադրված են զարգացնել համագործակցությունը։ Դրա համար նոր հնարավորություններ է ստեղծել նաև վերջերս Կասպից ծովի կարգավիճակի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Ուշագրավ է, որ Պուտինի այցը Բաքու առնվազն հայտարարված որևէ սկզբունքային նշանակություն չուներ։ Մինչ այդ կայացած միջհամայնքային 8 ֆորումներից ոչ մեկին ՌԴ նախագահն անձամբ չէր մասնակցել, իսկ հոբելյանական՝ 10-րդ ֆորումը կայանալու է միայն մյուս տարի։ Նախագահները բոլորովին վերջերս էին երկար հանդիպում ունեցել Սոչիում, իսկ ընթացիկ հարցերը քննարկելու հնարավորություն ունենալու էին նաև Դուշանբեում։ Ուստի, կարելի է ենթադրել, որ այցն ուներ կամ ցուցադրական նշանակություն՝ ընդգծող երկկողմ հարաբերությունների ջերմությունը, կամ չհայտարարվող օրակարգ։ Կամ երկուսը միասին։
Սոչիի հանդիպումից հետո ինտենսիվացած խոսակցությունները ՀԱՊԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ սահմանելու անհրաժեշտության և նման կարգավիճակ ստանալու Բաքվի հավակնությունների, ինչպես նաև Շանհայյան համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար Ադրբեջանի դիմումը կարծես հուշում են ինչին կարող է առնչվել չհայտարարվող օրակարգը։
Եվ չնայած երկու նախագահներն իրենց ելույթներում անդրադարձ չեն կատարել Արցախյան հիմնահարցին ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, միանգամայն տրամաբանական է, որ ռուս-ադրբեջանական մերձեցումն ուղղակի արտացոլվում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական խճանկարի վրա։