Մակեդոնիայում ընթանում է երկրի անվանափոխման մասին խորհրդատվական հանրաքվեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հանրաքվեն ընթանալու է տեղի ժամանակով 07:00-ից մինչև 19:00-ը: Հանրաքվեի մասնակիցները պետք է պատասխանեն միայն մեկ հարցի՝ «Կո՞ղմ եք ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև պայմանագրի ընդունմամբ»:
Ակնկալվում է, որ առաջին արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան: Պաշտոնական նախնական տվյալները ընտրական հանձնաժողովը պարտավոր է հրապարակել ընտրատեսամասերի փակումից հետո 24 ժամվա ընթացքում, իսկ վերջնական արդյունքները՝ 15-օրյա ժամկետում:
Պլեբիսիցիտի ընթացքին հետևում են մոտ 12 հազար տեղական և շուրջ 500 միջազգային դիտորդներ:
Հանրաքվեն կրում է խորհրդատվական բնույթ, սակայն Մակեդոնիայի օրենսդրության համաձայն՝ դրա հաջողության համար պահանջվում է, որ քվեարկի ընտրողների կեսից ավելին՝ մոտ 903 հազար քաղաքացի:
Հունաստանի կառավարությունը հունիսի 17-ին պայմանագիր է ստորագրել Մակեդոնիայի Հանրապետության հետ: Այն կարգավորում է նախկին հարավսլավական հանրապետության անվանման շուրջ ավելի քան 25 տարի ընթացող վեճը: Հունաստանը պահանջում էր անվանափոխել երկիրը, որպեսզի չլինի խառնաշփոթ Մակեդոնիա անվամբ հունական բնակավայրի հետ: Ենթադրվում է, որ նախկին հարավսլավական հանրապետությունը կանվանափոխվի ու կդառնա Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: