Առայժմ հայտնի չէ, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբ Հայաստան կգա: Այսօր՝ սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:
«Նախապես պայմանավորվածությունը եղել է, որ կամ այս տարվա վերջ, կամ մյուս տարվա սկիզբ: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մյուս տարվա սկիզբ լինի այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք, որպեսզի այդ ընթացքում ստորագրվի: Եվ ես հույս ունեմ, որ այս ընթացքում մենք պայմանագրային շատ լուրջ փաթեթ կունենանք»,- պարզաբանել է Փաշինյանը:
Իսկ Դուշանբեում Պուտինի հետ, նշել է վարչապետը, քննարկել են իրենց հանդիպումը. «Գագաթաժողովի ավարտին մենք նորից հանդիպեցինք և առանձնազրույց ունեցանք, և պայմանավորվում էինք այդ հանդիպման մասին»: