Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Եվրոպական միության` ռոտացիոն հիմունքներով գործող անվտանգության խորհուրդ ստեղծելու օգտին: Նման քայլի նպատակն է ամրապնդել արտաքին քաղաքական հարցերում նոր կարգի ձևավորումն ու կենսունակությունը: Այս մասին Մերկելը հայտարարել է բավարական Օտոբոյրեն քաղաքում, փոխանցում է Deutsche Welle-ն:
Արտաքին քաղաքականությունը, որը մշտապես հիմնվում է միասնական կարծիքի վրա, չի կարող խելամիտ լուծում լինել ապագայում, նշել է Մերկելը: Կանցլերը, մասնավորապես, մատնանշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ ընդունելու դժվարությունները:
ԵՄ անվտանգության խորհուրդ ստեղծելու գաղափարն առաջին անգամ հնչել է 2018 թվականի հունիսին ֆրանս-գերմանական միջկառավարական խորհրդակցությունների ժամանակ: Ենթադրվում էր, որ այդ մարմնում չպետք է ներկայացված լինեն ԵՄ անդամ 27 երկրները միաժամանակ: