Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի դիմաց` պահանջելով չեղյալ հայտարարել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը։
Հիշեցնենք, որ Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին։ Առայժմ արգելքը ժամանակավոր է` մինչև հոկտեմբերի 1-ը։ Բայց նախարարությունը մտադիր է այդ արգելքը մշտական դարձնել։ Սակայն, ինչպես պնդում են ցուցարարները, հասարակությանը չեն ծանուցել կատարված փոփոխությունների մասին։
«Դա ուղղակի խաբեություն է, ըստ էության նախկին կառավարությունը և տրանսպորտի նախկին նախարարը քննարկման են դրել մի հարց, բայց իրականում ընդունել են բոլորովին ուրիշ բան», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ակտիվիստ Արա Խաչատրյանը։
Ստացվում է, որ իշխանությունը խաբել է աջ ղեկով մեքենաներ ներկրողներին և ոլորտի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց։ Դիլերները, ընկերությունները վստահ են եղել, որ հոկտեմբերի 1-ից արգելքը կհանեն։ Շատերն ավտոմեքենաներ են պատվիրել Ճապոնիայում, և դրանք արդեն ճանապարհին են։
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամ Արթուր Խաչատրյանը վստահեցրեց, որ եթե գործող կառավարությունը չգնա զիջումների, ապա ցուցարարները կրկին բողոքի ակցիա կանեն և պատրաստ են նույնիսկ արգելափակել Երևանի երթևեկությունը։