Վրաստանը չպետք է ընտրություն կատարի իր տարածքային ամբողջականության և ՆԱՏՕ-ին անդամակցության միջև: Այս մասին ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով հոկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որն անցկացվել է պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին:
«ՆԱՏՕ-ն լիովին պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Բուխարեստի գագաթաժողովի (2008 թվականի ապրիլ) որոշումը մնում Է ուժի մեջ, և Վրաստանը ժամանակի ընթացքում կարող Է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Նա չպետք Է ընտրություն կատարի իր տարածքային ամբողջականության և դաշինքին անդամակցելու միջև»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով այն թեզը, ըստ որի Վրաստանը չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ նա ունի տարածքային վեճեր, և քանի դեռ նա չի հրաժարվել Հարավային Օսիայից և Աբխազիայից, կամ հսկողություն չի հաստատել դրանց նկատմամբ: