Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ներկա փուլում մշակում է արտաքին գործարքներում դոլարով վճարելու պրակտիկայից հրաժարման մասին օրենքի նախագիծ, որը, սպասվում է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կհաստատվի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից: «Կոստինի պլան» կոչվող գործընթացն առաջարկվել է ՌԴ ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինի կողմից և հավակնում է դառնալ ԱՄՆ կողմից հնարավոր նոր պատժամիջոցների հակակշիռը: Պլանի ամբողջ գաղափարը կայանում է արտաքին գործարքներում ամերիկյան դոլարով վճարումներն որևէ այլ արժույթով փոխարինելու մեջ:
Գործընթացը բավական ռիսկային է և, հաջողելու պարագայում, կուղեկցվի դրական և բացասական հետևանքներով:
Դրական կլինի, առաջին հերթին, դոլարի՝ համաշխարհային տնտեսությունում ունեցած մոնոպոլիայի ավարտի տեսանկյունից: Դա որոշակի կայունություն կհաղորդի ցանկացած պետությանը՝ նվազեցնելով մեկ արժույթից կախվածության ռիսկը: Մյուս կողմից, ՌԴ համար, որպես գերտերություն, դրական է սեփական արժույթի առաջմղումը: Բացի այդ, ՌԴ այսօր էլ, ամերիկյան պատժամիջոցների արդյունքում դոլարի օգտագործման սահմանափակության խնդրի առաջ է կանգնած, ուստի դոլարով գործարքներից հրաժարումով կարող է ճգնաժամային դրությունը մեղմացնել:
Մինչդեռ գործընթացը հապճեպորեն ի կատար ածելու պարագայում, ռիսկերը գերազանցում են նման գործընթացն ավելի հանգիստ պայմաններում մեկնարկելուց սպասվող ռիսկերի քանակը: Այսինքն, դոլարիզացիայի մակարդակի կտրուկ նվազեցումը հանգեցնելու է տնտեսվարման համար արտաքին հարթակների դեֆիցիտի: Խոսքն այն մասին է, որ դոլարից հրաժարվելու պարագայում, ՌԴ գործընկերը ևս պետք է պատրաստ լինի մեկ այլ արժույթով հաշվարկների իրականացմանը: Որպես այլընտրանքային արժույթ այսօր առավել տրամաբանականը եվրոն է. սակայն որքանո՞վ է ԵՄ-ին նպատակահարման առճակատվել ԱՄՆ հետ, այնքան էլ միանշանակ չէ: Մյուս կողմից էլ պարզ չէ, թե ՌԴ հիմնական գործընկերները որքանով են պատրաստ իրենց արտաքին վճարային հաշվեկշռում այլ արժույթի ծավալների մեծացմանը:
Պետք է նշել, որ նման գործընթացի մեկնարկը ենթադրում է որոշ ժամանակ անց ՌԴ շահերին առավել մոտ գտնվող կենտրոններում նույնպիսի գործընթացի շրջանառում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում, որպես Ռուսաստանի առաջնային հենարան: Ուստի լավ կլիներ, որ միության անդամ երկրների ԿԲ-ները նախապես մշակված ծրագիր ունենան, ֆինանսատնտեսական ցնցումներից խուսափելու համար:
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության հետ ունեցած պատճառահետևանքային կապին, ապա այդպիսի սցենարի դեպքում ռուբլու փոխարժեքի ակնկալվող աճը (քանի որ կմեծանա ռուբլու պահանջարկը) կարճաժամկետում դրական ազդեցություն կունենա՝ ի դեմս ՌԴ –ից եկող տրանսֆերտների համախառն արժեքի աճի: Մինչդեռ արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար ավելի երկարաժամկետում խնդիրներ կառաջանան: Պատճառը մի կողմից ռուբլու անհրաժեշտ քանակի հավաքագրման խնդիրները կարող են լինել սկզբնական փուլում, մյուս կողմից ռուբլու փոխարժեքի աճի պարագայում հայկական արտադրանքն արտաքին շուկաներում կթանկանա՝ կորցնելով մրցակցային դիրքեր: