Միացյալ Նահանգների պետական պարտքի բարձր մակարդակը նոր երևույթ չէ, սակայն, այնուամենայնիվ վերջին մեկ տարվա ընթացքում դրա ռեկորդային աճն անհանգստությունների ալիք է առաջացրել: Խոսքն ԱՄՆ պարտքի՝ 21,5 տրլն դոլարի մակարդակի հասնելու մասին է. 2017-2018 ֆինանսական տարվա ընթացքում դրանում աճը կազմել է 1, 25 տրլն դոլար, որը 2004թ.-ից ի վեր գրանցված ամենամեծ աճն է:
ԱՄՆ պետական պարտքի պարադոքսը
Առնվազն վերջին երկու տասնամյակում ԱՄՆ պետական պարտքը շարունակական աճ է գրանցում, ինչը, սակայն, չի խանգարում այդ երկրի քաղաքացիներին մնալ՝ որպես աշխարհում բերեկցության մակարդակով առաջատար, իսկ երկրի տնտեսությանը՝ թիվ մեկն աշխարհում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
Երևույթի առանցքում երկու հիմնական շարժիչներ են աշխատում.
1. դոլարը՝ որպես համար մեկ միջազգային արժույթ,
2. պետական պարտքում այլ պետությունների կողմից պետական պարտատոմսերի տիրապետումը, որոնք ունեն բարձր եկամտաբերություն: Վերջինս իր հերթին պայմանավորված է ԱՄՆ տնտեսության բարձր վարկանիշով, որոնց գնահատկանները տրվում են Նյու-Յորքում գործող միջազգային վարկանշային ընկերությունների կողմից:
Պատճառահետևանքային կապը գործում է հետևյալ մեխանիզմով՝ բարձր վարկանիշ - եկամտաբեր պարտատոմսեր - ցածր տոկոսադրույքներով փոխառություններ: Հենց այս մեխանիզմն է տարիներ ի վեր ապահովել պետական պարտքի աճող մակարդակին զուգահեռ բնակչության բարեկեցության բարելավում:
Եվ այնուամենայնիվ…
Չնայած նախորդ տարիների միտմանը, ամերիկյան պարտքը կորցնում է իր երբեմնի վստահությունը համաշխարհային շուկայում, ինչը պայմանավորված է ուղղակի և անուղղակի եկող ազդակներից, որոնք վկայում են՝ ինչ-որ բան այն չէ: Խոսքն առաջին հերթին, Թրամփի կողմից վարվող խիստ պրոտեկցիոնիստական քաղաքականության մասին է, որն առաջին ահազանգն է ամերիկյան տնտեսության վատ դրության մասին:
Տարիներ ի վեր ԱՄՆ տնտեսության համար մեկ չարիքը եղել է և շարունակում է մնալ արտաքին առևտրաշրջանառության դեֆիցիտը: Պատճառը գլոբալիզացիայի բարձր մակարդակի արդյունքում ամերիկյան արտադրանքի կազմակերպումն է այլ երկրներում ավելի էժան աշխատուժի և ավելի ցածր հարկային պայմաններում, ինչի արդյունքում ստացվել է այնպես, որ ԱՄՆ ավելի շատ ներկրում է, քան` արտահանում: Եվ այս պարագայում, ամերիկյան տնտեսության հիմնական շարժիչի դերում հանդես է եկել դոլարն, իսկ ավելի ճիշտ վերջինիս մենաշնորհը: Հենց այս դեֆիցիտի կրճատմանն են ուղղված Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող միջոցառումները՝ ամերիկյանն ԱՄՆ տեղափոխելու նպատակով: Սրա մասով, առանձնապես սպասելի արդյունքներ առայժմ չկան:
Արդյունքում
ԱՄՆ առայժմ գրանցում է հիմնական առևտրային գործընկերների հետ կայուն առճակատման միտումներ: Առաջին հերթում Չինաստանն է՝ պայմանավորված նաև առևտրաշրջանառության մեծ ծավալների հետ: Չինական ապրանքների ներկրման նկատմամբ մաքսային պատժամիջոցների մի քանի փուլերով կիրարկման արդյունքը եղավ պատասխան գործողությունները, որոնք չսահմանափակվեցին միայն պատասխան մաքսային խստացումներով: Այս տարվա հունիսին Չինաստանը վաճառեց 7,7 մլրդ դոլարի ամերիկյան պետական պարտատոմսեր, և առաջիկայում էլ խոստանում է ևս 3 մլրդ դոլարի վաճառքի մասին: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետական պարտքում օտարերկրյա ներդրումների կառուցվածքում Չինաստանը գտնվում է առաջին տեղում (1,171 տրլն դոլար): Երկրորդ և երրորդ տեղում են Ճապոնիան ու Իռլանդիան (համապատասխանաբար՝ 1.0355 տրլն դոլար և 300 մլրդ դոլար): Ուստի, Չինաստանի կողմից այդ պարտատոմսերի վաճառքն անշուշտ բացասաբար կազդի ամերիկյան տնտեսության վրա:
Պարտատոմսերի վաճառքը նվազեցնում է դրանց վարկանիշը, արդյունքում գրանցվում է վերջիններիս եկամտաբերության կտրուկ անկում, ինչն իր հերթին, ԱՄՆ համար թանկացնում է փոխառությունների գինը: Սա իր հերթին, նպաստում է ԱՄՆ-ում տոկոսադրույքների աճին և՛ ֆիզիկական անձանց, և՛ բիզնես ներկայացուցիչների համար:
Պարտատոմսերի վաճառքը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ
Ամերիկյան տնտեսությանն սպառնացող վտանգն էլ ավելի կմեծանա, եթե Չինաստանի կողմից մեկնարկած գործընթացը շարունակական և վարակիչ լինի նաև մյուս ներդրողների համար, ինչի հավանականությունը մեծ է՝ հաշվի առնելով, որ Չինաստանն առաջինը չէ: Բանն այն է, որ դեռ նախորդ տարի նման գործընթացով անցել են նաև ՌԴ և Թուրքիան:
Հետևանքները ներդրող երկրների տնտեսությունների վրա
Որքան էլ գործընթացով պայմանավորված լինեն ամերիկյան տնտեսության կորուստները, պարտատոմսերը վաճառող երկրները ևս կենթարկվեն որոշակի ֆինանսական ցնցումների: Առաջին հերթին, պարտատոմսերից ստացվող եկամուտների կտրուկ նվազումն է, որն ինչ-որ ճանապարհով պետք է լրացվի: Երկրորդ հերթին, պարտատոմսերի վաճառքից կուտակված միջոցների արդյունավետ իրացման խնդիրն է:
Եվ ի վերջո, ոչ միայն ներդրող երկրներն, այլև համաշխարհային տնտեսությունը կտուժեն ԱՄՆ տնտեսությանը սպառնացող ճգնաժամի պայթյունից, ինչնի հավանականությունն այսօր բավական մեծ է: