ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ զարգացումները նոր փուլ են մտնում: Չնայած նրան, որ և' Եվրամիությունը, և' Մեծ Բրիտանիան առաջվա պես հույս ունեն ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալու պայմանների շուրջ փոխշահավետ համաձայնագիր կնքել, սակայն օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության ամենամյա համագումարում ելույթ ունենալիս հստակ ամրագրեց, որ պատրաստ է դուրս գալ Եվրամիությունից անգամ առանց Բրյուսելի հետ գործարքի կնքման:
Հարկ է նշել, որ կողմերին արդեն իսկ հաջողվել է համաձայնության գալ Brexit-ի որոշ հարցերի շուրջ, սակայն Մեյի կողմից որդեգրած քաղաքական կուրսը, որը հիմնականում չի համապատասխանում Բրիտանիայի և միևնույն ժամանակ ԵՄ-ի առջև այժմ ծառացած խնդիրներին, ինչպես նաև ԵՄ կողմից տարբեր պահանջներ առաջ քաշելը, բանակցությունները փակուղի են մտցրել:
Նշենք, որ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալը պետք է տեղի ունենա վեց ամսից` մինչև 2019 թ.-ի մարտի 29-ը, սակայն «Brexit»-ի համաձայնագրի շուրջ մի շարք կետեր մինչ օրս դեռ համաձայնեցված չեն: Մասնավորապես դրանք վերաբերում են Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Եվրամիության անդամ Իռլանդիայի Հանրապետության միջև սահմանի կարգավիճակին, փոխհատուցման չափին, որը Մեծ Բրիտանիան պետք է վճարի Եվրամիությանն այն վնասի համար, որը նրան հասցնում է Միացյալ թագավորության՝ միությունից դուրս գալը:
Եվ եթե կողմերը վերջնական համաձայնության չգան պայմանների շուրջ մինչև նոյեմբեր, ապա կոշտ Brexit-ն անխուսափելի է լինելու, ինչն էլ հանգեցնելու է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետագա հարաբերությունների վերաբերյալ անորոշության: Առանց Brexit-ի համաձայնագրի, երկու կողմերի միջև հարաբերություններում անցումային ժամանակաշրջան նույնպես չի լինի, որի ընթացքում կողմերը պետք է բանակցություններ վարեն առևտրի և տնտեսական հարաբերությունների ապագա պայմանների շուրջ: Նման զարգացումների պարագայում միայն բրիտանական և եվրոպական ընկերություններին վնաս կհասցվի տարեկան մոտավորապես 58 մլրդ ֆունտ ստեռլինգի չափով:
Մեյն, իհարկե, փորձում է հանգստացնել հասարակությանը` կոշտ Brexit-ի դեպքում խոստանալով բարեկեցիկ ապագա առանց ԵՄ-ի: Սակայն հարկ է նշել, որ նրա ջանքերը մեծ հաշվով ապարդյուն են անցնում. նրա վարած քաղաքականության նկատմամբ դժգոհության ալիքը գնալով ավելի մեծ թափ է ստանում: Առանձին քաղաքական ուժեր, այդ թվում և իր սեփական կուսակցության որոշ անդամներ, քննարկում են Մեյի վաղաժամկետ պաշտոնաթողության հարցը: Բացի այդ երկու կողմերում էլ կան բազմաթիվ ուժեր, որոնք այդ հարցով երկրորդ հանրաքվե են պահանջում: Իսկ երկրորդ հանրաքվե անցկացելու հեռանկարը նույնպես չի բացառվում, քանի որ 2016-ին կայացած առաջին հանրաքվեին երկիրը մեկ միասնական կարծիք չուներ:
Ամփոփելով նշենք, որ ստեղծված այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է, որ և' Մեծ Բրիտանիան, և' ԵՄ-ն որոշակի փոխզիջումների գնան միմյանց նկատմամբ: Կոշտ Brexit-ի դեպքում, կողմերից յուրաքանչյուրը լուրջ մարտահրավների առաջ է կանգնելու` մասնավորապես տնտեսական ոլորտում: