Ավստրիայումտեղի ունեցած Vienna Contemporary տոնավաճառի գլխավոր թեման այս տարի Հայաստանն ու ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն է: Այս մասին հայտնում է Vienna Contemporary.at պաշտոնական կայքէջը:
Տոնավաճառում ներկայացված էին 27 երկրներից 118 հավաքածուներ, որոնցից 34-ը` Արևելյան Եվրոպայից: Տվյալ աշխատանքները նվիրված էին տարածաշրջանային ինքնությանը և ընդգծում էին վերջին քաղաքական զարգացումները:
«2018 թվականի մայիսին Հայաստանում տեղի ունեցած սիրո և համերաշխության թավշյա հեղափոխությունն աշխարհի ուշադրությունը սևեռել է Հայաստանի վրա…Այս հեղափոխության գլխավոր հատկանիշներից էր այն, որ հաջողվեց ջնջել արվեստի և այլնի միջև սահմանագիծը, և քաղաքական թատերաբեմից հնչող յուրաքանչյուր խոսք անմիջապես մեկնաբանվում էր արվեստի համատեքստում», - գրված է պաշտոնական կայքում:
Տոնավաճառի առանձին մի հատված այս տարի նվիրված էր Հայաստանին: Արվեստ Հայաստան հիմնադրամի տնօրեն Անուշ Զեյնալյանն ասել է, որ շատ ուրախ է հատկապես այս տարի Հայաստանը տոնավաճառում ներկայացնելու համար:
Ցուցահանդեսում ներկայացված են Արվեստ Հայաստան հիմնադրամի 1-ին և 2-րդ ծրագրերի 6 հաղթողների աշխատանքները: Վերջիններն ընտրվել են հայաստանաբնակ և Սփյուռքում գործող արվեստագետների թվից: Նրանք են` Այրին Անաստաս և Ռենե Գաբրի, Մհեր Ազատյան, Արման Գրիգորյան, Փիրուզա Խալափյան, Ռեբեկա Թոփակյան, Միկա Վաթինյան:
Vienna Contemporary արվեստի 4-րդ տոնավաճառը թույլ է տալիս փոքր և միջին հավաքածուներին մուտք գործել ժամանակակից արվեստի շուկա, որտեղ հսկա հավաքածուների եկամուտն ավելի ու ավելի է աճում, իսկ մնացածը մնում են աննկատ այլ տոնավաճառներում: