Ինտերպոլի անհետացած նախագահ Մեն Հունվեյը գտնվում է Չինաստանում հարցաքննության տակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով South China Morning Post-ին:
Հրապարակման մեջ նշվում է, որ «անցյալ շաբաթ Չինաստանում վայրէջք կատարելուն պես տղամարդուն կարգապահական իշխանությունները տարել են հարցաքննության համար»: Աղբյուրը չի հստակեցրել, թե Ինտերպոլի նախագահը ինչ կոնկրետ գործով է անցնում: Չի հաղորդվում նաև, թե հիմա նրան որտեղ են պահում:
Ավելի վաղ Ինտերպոլը մեկնաբանելով Մեն Հունվեյի անհետացումը՝ հայտնել էր, որ դա Ֆրանսիայի և Չինաստանի համապատասխան կառույցների պարզաբանման հարցն է:
Տղամարդու անհետացման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 5-ին: Հաղորդվում էր, որ 64-ամյա Մեն Հունվեյը սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից ուղևորվել էր Չինաստան: Այդ օրից մինչև հիմա ոչ ոք նրանից ոչ մի տեղեկություն չէր ստացել: