Չորեքշաբթի ԱՄՆ Լոգան քաղաքում (Յուտա նահանգ) Ուիլյամ Քլայդ Ալեն անունով ոմն ամերիկացի ձերբակալվել է թունավոր տզկանեփի սերմերով ծրարներ ուղարկելու առնչությամբ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը`տզկանեփի սերմերից ստանում են ռիցին թունավոր նյութը: Նա իշխանություններին հայտնել է, որ դրանք ուղարկել է, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալենը նախկինում ծառայել է ԱՄՆ ՌԾՈՒ-ում և ազատվել է 2002 թվականին: Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ տղամարդու հասցեն նշված է եղել Թրամփին ուղարկված սերմերով ծրարի վրա: ՀԴԲ աշխատակիցները հոկտեմբերի 3-ին այցելել են Ալենին, նրա տանը խուզարկություն կատարել և նրան հարցաքննել:
Ալենն իշխանություններին հայտնել է, որ Թրամփից բացի, այդպիսի ծրարներ է ուղարկել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին, ՌԾՈՒ շտաբի պետ, ծովակալ Ջոն Ռիչարդսոնին և ՀԴԲ տնօրեն Քրիսթոֆեր Ռեյին: Նա նաև լուսանկարներ է ցույց տվել, որոնք իբր դա հաստատում են: Բացի այդ, նա հավաստիացրել է, թե նույնպիսի ծրարներ է ուղարկել նաև արդարադատության նախարարին, ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, Ռուսաստանի նախագահին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի թագուհուն:
Ալենն իր գործողությունները պատճառաբանել է «ուղերձ ուղարկելու» ցանկությամբ, սակայն չի պարզաբանել, թե ինչ ուղերձ: Նա նշել է, որ նշված բոլոր անձանց հասցեները գտել է համացանցում, այնտեղից է գնել նաև տզկանեփի սերմերը: