Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին չի վճարի իր անվտանգության դիմաց: Այս մասին հայտնել է թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը Bloomberg գործակալության հետ հարցազրույցում` մեկնաբանելով Էր Ռիադին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս ներկայացրած պահանջը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Իրականում մենք ոչ մի բան չենք վճարի մեր անվտանգության դիմաց: Մենք կարծում ենք, որ այն ամբողջ զենքի համար, որն ԱՄՆ-ից ստացել ենք, վճարվել է, այն մեզ անվճար չի հասել: Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հաստատման սկզբից ևեթ մենք ամեն ինչ փողով ենք գնում»,- նշել է արքայազնը:
Սալման Ալ Սաուդի խոսքով՝ 2 տարի առաջ Սաուդյան Արաբիան վարում էր այլ երկրներից զենք գնելու քաղաքականություն, սակայն Թրամփի իշխանության գալուց հետո թագավորությունը որոշել է ևս 10 տարի բանակը զինել ամերիկյան սպառազինությամբ՝ 60 տոկոսը գնելով ԱՄՆ-ից, իսկ 40 տոկոսը պատրաստելով թագավորությունում՝ ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչի վրա Էր Ռիադը պատրաստվում է ծախսել 400 մլրդ դոլար: