Եվրամիությունից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի հետ հանաձայնագիրը՝ Brexit-ը, հնարավոր է՝ կնքվի 2018 թվականին։ Այդ մասին հայտնել է ԵՄ ղեկավար Դոնալդ Տուսկը՝ տեղեկացնում է DW-ն։
Հոկտեմբերի 17-18-ը ԵՄ անդամ երկրների ղեկավարները նստաշրջանում կքննարկեն Brexit-ի հետ կապված իրավիճակը։ «Հնարավոր չէ ասել՝ կարող ենք արդյոք հոկտեմբերի վերջին ավարտել բանակցությունները։ Եթե ոչ՝ մենք դա կանենք նոյեմբերին»,- իր հերթին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։
Նա նաև հավելել է, որ ամեն դեպքում առանց համաձայնագրի Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից լավ տարբերակ չէ ո՛չ Բրիտանիայի, ո՛չ ԵՄ մյուս անդամների համար։
Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրոպական Միության կազմից ծրագրված է 2019թ․ մարտի 29-ին։ Բրյուսելի հետ բանակցություններում Լոնդոնի ռազմավարությանը վերաբերող վեճերի պատճառով պառակտվել է Պահպանողական կուսակցությունը, որի ղեկավարը վարչապետ Թերեզա Մեյն է։