Հոկտեմբերի 6-ին «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, ով իր հետ բերեց Միջազգային տիեզերական կայանում 197 օր անցկացրած Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Լրագրողների հետ զրույցում Շկապլերով նշեց, որ ինքն ավելի քան 8 հազար անգամ պտտվել է Երկրի շուրջը, տիեզերքից բազմաթիվ անգամ տեսել է Հայաստանը, Երևանը և Սևանա լիճը, նկարել այդ տեսարանները և տեղադրել սոցիալական ցանցի իր էջում:
«Ես երազում էի լինել Հայաստանում և շնորհիվ բարերար Հրաչյա Պողոսյանի հնարավորություն ունեցա ժամանել և ավելի մոտիկից ծանոթանալ երկրի հետ: Ցավոք, կարճ ժամանակով եմ գալիս՝ ընդամենը երեք օր, որովհետև ներկայումս տիեզերական թռիչքից հետո վերականգման փուլում եմ գտնվում, սակայն կհասցնեմ գոնե հիմնական տեսարժան վայրերն ուսումնասիրել: Կարծում եմ՝ մյուս անգամ ավելի երկար ժամանակով կգամ»,- ասաց Շկապլերովը:
Տիեզերագնացը պատրաստվում է դրոշը նվիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Շկապլերովը նաև հայտնեց, որ երկու շաբաթ հետո տիեզերագնաց Օլեգ Արտեմևը Հայաստան է բերելու Երևանի դրոշը:
Հավելենք, որ տիեզերագնացը Հայաստան է ժամանել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով: