Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվարանում է ասել, թե կոնկրետ երբ հրաժարական կտա։
«Հիմա մի այսպիսի իրավիճակ է ստեղծվել՝ ես չեմ ուզում, որ մենք նմանվենք այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է հրաժարական տալ ու նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ, եթե հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս», - «Այսօր»-ի փոխանցմամբ ասել է նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետք է այնպես անել, որ այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի։
«Իհարկե, որևէ գործողություն չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար, բայց մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք», - ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ եթե իրենով լիներ, արդեն հրաժարական տված կլիներ։
«Բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավելի մանրամասն պետք է մտածենք», - ասել է նա։