Սերբիան չի անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին և կշարունակի ռազմական չեզոքություն պահպանել՝ միևնույն ժամանակ պահպանելով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Մլադենովաց քաղաքում «Սերբիա-2018» ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունների բացման արարողության ժամանակ, որին ներկա է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Սերբիան ռազմական առումով չեզոք երկիր է և կպահպանի իր չեզոքությունը, բայց կհամագործակցի ՆԱՏՕ-ի հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին զորավարժությունների կազմակերպմանն աջակցելու և այն բանի համար, որ նա ոչ մի վայրկյան և ոչ մի կերպ չի ցանկացել ազդել ապագայի վերաբերյալ Սերբիայի անկախ և ինքնուրույն որոշման վրա: Սերբիան լավ համագործակցում է և կհամագործակցի ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև լավ հարաբերություններ կունենա Ռուսաստանի և Չինաստանի հետ», - Վուչիչի խոսքը մեջբերում է սերբական ազգային հեռուստատեսությունը: