Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հուշագիր են ստորագրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Այսօր՝ հոկտեմբերի 8–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրվել է հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից և ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդաիշխանության հաստատման գործում, ստորագրում են սույն հուշագիրը՝ ներքոշարադրյալի վերաբերյալ:
Կողմերը համակարծիք են 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: Ինչպես նաև խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության:
Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:
Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»,- ասված է հուշագրում: